ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով ժամեր առաջ Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել:
Պատահարը տեղի է ունեցել Ծաղկավանից Տավուշ գյուղ տանող ճանապարհին: «Մարիաննա» ընկերությանը պատկանող Ford Transit-ի վարորդը երթևեկության ընթացքում նկատել է, որ մեքենայի առջևի հատվածից ծուխ է դուրս գալիս:
Անմիջապես կանգնեցրել է մեքենան ու բացել շարժիչի ծածկոցը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Այդ ընթացքում շարժիչը բռնկվել է և վայրկյանների ընթացքում կրակը տարածվել է ամբողջ մեքենայով՝ մոխրակույտի վերածելով այն:
Դեպքից մոտ մեկ ժամ հետո հրշեջ-փրկարարները կարողացել են մարել կրակը:
Մեր տեղեկություններով՝ մեքենան ամբողջությամբ բեռնված է եղել կաթնամթերքով: Հրդեհի պատճառները պարզվում են, ամենայն հավանականությամբ՝ պատահարը մեքենայի տեխնիկական խնդրի հետևանք է եղել: