ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Խորհրդարանն այսօր ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ դրան կողմ քվեարկեց 114 պատգամավոր։
Օրենքով հաստատվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերի փոփոխությունը՝ գործող 3 տարի ժամկետով ծառայությունը կդառնա մինչև 5 տարի: Նաև օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Փոփոխություններն առաջարկում են նաև նվազեցնել «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության նվազագույն ժամկետը երեքից մինչև երկու տարի։Օրինագծով սահմանվում է մեկ անգամ տարկետում տալ բոլոր զորակոչային տարիքի և միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդներին մինչև ուսումնառության ավարտը:
Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ հերքում է` ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ կապ չունեն
Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող հարազատ եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը կմասնակցի նրանցից միայն մեկը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին։
Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը: