«Մուտիլովկաներ մի արեք». Ծառուկյանն այն մասին, թե ինչու ԲՀԿ–ում չեն խոսում Քոչարյանի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով` ԲՀԿ–ն երկար ժամանակ առաջարկել է ստեղծել 2016թ–ի ապրիլյան պատերազմի իրադարձությունները հետաքննող հանձնաժողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել լրագրողներին «մուտիլովկաներ» չանել` երեքշաբթի պատասխանելով այն հարցին, թե ինչու է կուսակցության անդամներին արգելված խոսել Քոչարյանի գործի մասին։

Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին

Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրապարակավ պահանջել է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դրանից հետո Ծառուկյանը խմբակցության նիստ է գումարել և կոչ արել առանձին հայտարարություններ չանել այդ հարցի վերաբերյալ։

«Մուտիլովկաներ մի արեք, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու, բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք, ապա պիտի հավաքվենք բոլորս ու քննարկենք», – ասաց Ծառուկյանը։

Մեկնաբանելով իր վերաբերմունքը 2016թ–ի ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նկատմամբ` Ծառուկյանը հայտարարեց, որ այն ստեղծելու գաղափարը պատկանում է «Բարգավաճ Հայաստանին», և կուսակցությունը վաղուց է առաջ մղում այն։

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

«Մենք վաղուց էինք առաջարկում նման հանձնաժողով ստեղծել», – ասաց Ծառուկյանը։

Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մայիսի 31–ին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել 2008թ–ի մարտի 1–ի դեպքերին իր հնարավոր մասնակցության մասին լրագրողների հարցին։

«100 անգամ ասացի՝ այդ հարցերին ես պատասխանել եմ, շարունակելու բան չունեմ»,֊ – ասաց նա։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել է այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է մարտի 1–ի գործով։