Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ դատական նիստը հետաձգվեց. նա տեղեկանք էր ուղարկել

Հիվանդանոցի կալանավայր տեղափոխված Մանվել Գրիգոյանը գրավոր փաստաթուղթ էր ներկայացրել և հայտնել, թե ինչու չի եկել դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր ներկա չէր իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը։ Այս մասին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան. 24News. տեսանյութ

«Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այս մասին դատարանին տեղեկացրել են բանավոր և որևէ գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել»,–ասաց նա և ընդմիջում հայտարարեց, որպեսզի այդ մասին գրավոր փաստաթուղթ ստանան։

Ընդմիջումից հետո դատարան ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ–ի պետի գրությունը և դրան կից երկու փաստաթուղթ` բժշկական տեղեկանք ու Գրիգորյանի դիմումը։

«Գտնվում եմ դատապարտյալների հիվանդանոցում և, առողջական վիճակից ելնելով, չեմ կարող ներկայանալ դատարան»,–հայտնել է Գրիգորյանը։

Դատարանը հետաձգեց դատական նիստը, այն կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Նշենք, որ դատական նիստին մասնակցում էր Մանվել Գրիգորյանի կինը` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի. մանրամասներ Մանվել Գրիգորյանը դռնփակ դատական նիստից

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս են գրել Նաիրի բժշկական կենտրոնից։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում։