«Ինքս էլ եմ ցնցված». ռուսաստանցի Սարգիս Մկրտչյանը ստարտափի համար 1 միլիոն ռուբլի է ստացել

«Հաջողության սերունդ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են Վոլգոգրադում «Բիզնեսի համար» ձեռնարկատիրության միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մանկական տոների կազմակերպման համար համառուսական առցանց–հարթակի ստեղծման նախագիծը հաղթել է Վոլգոգրադում կայացած «Հաջողության սերունդը» մրցույթում։ Նախագծի հեղինակը Սարգիս Մկրտչյանն է։ Այս մասին հայտնում է «Վոլգոգրադ 24» հեռուստաալիքը։

Վոլգոգրադի մարզի նահանգապետը երիտասարդ հայ բիզնեսմենին 1 միլիոն ռուբլի է հանձնել նախագիծն առաջ տանելու համար։

«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

Սարգիսի խոսքով` նախկինում հույս էլ չկար պետությունից օգնություն ստանալու, իսկ այժմ դա իրականություն է։

«Ինքս էլ եմ ցնցված, անկեղծ։ Բոլորն ասում էին` ներկայացրու նախագիծդ մրցույթում, մեկ էլ տեսար` հաղթես։ Ամեն ինչ իրական է, ընկերներ։ Հավատացեք ու հասեք ձեր ուզածին», – ասել է Մկրտչյանը;

ВКонтакте սոցկայքի իր էջում Սարգիսը նշել է, որ ցանկացած գործունություն պետք է վերջնական արտադրանք տա։ Աշխատանքի իմաստ այն է, որ առաջխաղացումները հաջորդեն միմյանց, հենց այդ պատճառով է նա «Հաջողության սերունդ» մրցույթում ընտրել է հենց «Արագ աճ» անվանակարգը։

Մկրտչյանից բացի դրամական պարգևներ են ստացել մրցույթի եզրափակիչ անցած 9 մասնակիցները։ «Հաջողության սերունդ» մրցույթի արդյունքներն ամփոփվել են Վոլգոգրադում «Բիզնեսի համար» երիտասարդ ձեռնարկատերերի միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։

«Խելացի դրամապանակի» հեղինակը բացում է իր հաջողության գաղտնիքը և ներկայացնում սխալները

Նշենք, որ Վոլգոգրադում առաջին անգամ է նման միջտարածաշրջանային համաժողով անցկացվում։ Դրան յոթ հազար մարդ է մասնակցել, նրանց շարքում կային ինչպես սկսնակ, այնպես էլ հաջողակ բիզնեսմեններ։ Համաժողովի շրջանակում թրեյնինգներ, կլոր սեղաններ ու վարպետության դասընթացներ են անցկացվել։ Միջոցառման նպատակն է ցույց տալ, որ սեփական բիզնեսը սկսելը վախենալու չէ, իսկ հավակնոտ նպատակներն առաջ տանելը իրագործելի է։