ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Էռնեկյանների ընտանիքը որակապես նոր մակարդակի է հասցրել ուղևորափոխադրումերը Հայաստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ղեկավարության գագաթնաժողովում։
Կորպորացիան ավելի քան 30 օդանավակայան ունի աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում` Լատինական Ամերիկայում։ 2001 թվականից ընկերությունը ղեկավարում է նաև Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները։
«Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ապահով քաղավիացիան կարևոր է շրջափակման մեջ գտնվող երկրի համար։
Այժմ Հայաստանի օդային տրանսպորտը նոր խնդիրներ ունի։ Նախ` պետք է ավելացնել «Շիրակ» օդանավակայանի չվերթերի թիվը` Գյումրիում տնտեսությունն ու զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Հետո պետք է դիտարկել ավիատոմսերի գների նվազեցման հնարավորությունը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկների կգրավի։
«Վերջապես, պետք է աշխատանքի լավ պայմաններ ստեղծել հայ ավիափոխադրողների համար, ինչը կմեծացնի ազգային անվտանգությունը»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք` Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը ղեկավարում է Երևանի «Զվարթնոց» ու Գյումրու «Շիրակ» օդանավակայանները, «Հայփոստը», նրանց է պատկանում Կոնվերս բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Այս հոլդինգը, որի սեփականատերը արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է, գինու գործարան ու խաղողի այգիներ ունի Հայաստանում։