Էռնեկյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

Ավիացիոն ոլորտի ընկերությունների ղեկավարները Երևան են եկել։ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հրավիրած համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետի աջակցությունը նոր ներարկում է Հայաստանում աշխատելու համար։ Այսօր Երևանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովի բացման խոսքում, դիմելով միջոցառմանը ներկա Նիկոլ Փաշինյանին, այս մասին ասաց «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

«Մենք դիմակայում ենք նոր մարտահրավերների, դիմակայության։ Նոր պայմանները պահանջում են ձեռնարկել անհետաձգելի գործողություններ, քանի որ հիմա հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Պահանջվում է նոր մոտեցում, նորարարություն` շարունակական իմունիտետով»,– ասաց նա։

Էռնեկյանը կարևորեց նաև համագործակցության շրջանակի ընդլայնումը, նոր ու ժամանակակից ծառայությունների մատուցումը`աշխարհում լավագույն օպերատորը դառնալու համար։

Երևան էր եկել ՌԴ ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը. ի՞նչ է քննարկվել ՊԵԿ-ում

Նա համաժողովի մասնակիցներին կոչ արեց միավորել ջանքերը` միասին աշխատելու ու առաջ ընթանալու համար։

Հունիսի 4-6-ը Երևանում անցկացվելու է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը։

Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները ներկայացնելու են ավիացիոն ոլորտում ունեցած փորձը, նվաճումները, քննարկելու են ոլորտի առջև ծառացած մարտահրավերներն ու ներկայացնելու են դրանց լուծման մոտեցումները։

Նշենք, որ նման ձևաչափով հանդիպումները մեկնարկել են 2014 թվականին Արգենտինայում և շարունակական բնույթ ունեն։

Վերջին անգամ հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականին Բրազիլիայում։

Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։