Դեղորայքային թունավորման դեպքերն այս տարի ավելացել են. ԱՆ ցուցանիշներ է ներկայացրել

Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման և ծնողի անուշադրության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Այս տարի մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը և հավելում, որ 2018թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 207 դեպք։

Գրանցված դեղորայքային թունավորման դեպքերից 108 Երևանում է՝ նախորդ տարվա 93–ի փոխարեն, մարզերում գրանցվել է 103 դեպք(նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:

Հայտնի է`Արտաշատում մասսայական թունավորման պատճառը. սննդի կետի աշխատանքը դադարեցված է

Ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը.  Երևանում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ:

Դեպքերի հիմնական մասը`36%–ն արձանագրվել է ինքնաբուժման և ծնողի անուշադրության պատճառով (37.9%)։ Թունավորումների 9.9%–ը ինքնասպանության փորձի պատճառով է գրանցվել:

Դեղորայքային թունավորումների մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53.6%), նաև` նախորդ տարվա համեմատ նման դեպքերն աճել են կանանց շրջանում (59.2%):

Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:

Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:

Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • դեղեր ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
  • ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղերի չափաբաժինները և հաճախականությունը,
  • մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղի օգտագործման հրահանգներին,
  • ալկոհոլը չզուգակցել դեղի ընդունման հետ,
  • առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
  • հետևել դեղի պահպանման կանոններին: