Դատախազությունը հաստատեց. Նարեկ Սարգսյանին արտահանձնելու որոշումը կայացվել է

Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է։ Պրահայի դատարանը բավարարել է ՀՀ իրավասու մարմինների միջնորդությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է»,– ասաց նա:

Հիշեցնենք` չեխական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Ալեքսանդր Սարգսյանը զբաղվում է որդու` Նարեկ Սարգսյանի հարցերով

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով:

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ արտահանձնման գործընթացը կարող է երկարել, քանի որ Նարեկ Սարգսյանն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել Պրահայի դատարանի որոշումը։