Արցախի հավաքականն ավարտեց պայքարը, Արևմտյան Հայաստանը CONIFA-ի կիսաեզրափակիչում է

Արցախի հավաքականը CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանու ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարում չհաղթահարեց խմբային փուլը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ա խմբում ընդգրկված Արցախի հավաքականը, խմբային փուլի վերջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը Աբխազիայի հավաքականի հետ ու վաստակելով 4 միավոր խմբում զբաղեցրեց երրորդ տեղը: Աբխազները 7 միավորով հաղթեցին խմբում: Իսկ ահա երկրորդ տեղը զբաղեցրեց Չամերիայի ընտրանին, որը 4:0 հաշվով հաղթելով Սապմիի հավաքականին վաստակեց վեց միավոր:

Բ խմբում նույնպես լարված իրավիճակ էր , ու խմբային փուլը հաղթահարելու համար Արևմտյան Հայաստանի ու Պադանիայի թիմերը իրար դեմ խաղում վիճարկեցին կիսաեզրափակիչի ուղեգրերից մեկը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, ու խփած ու բաց թողած գնդակների ավելի լավ արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրեց Հարություն Վարդանյանի թիմը:

Իսկ Բ խմբի հաղթող դարձավ Հարավային Օսիայի հավաքականը, որը վերջին խաղում ոչ-ոքի՝ 2:2 ավարտելով հանդիպումը, խմբում անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Այսպիսով` կիսաեզրափակիչում Արևմտյան Հայաստանը խաղալու է Աբխազիայի դեմ, իսկ մյուս զույգում մրցելու են հ Հարավային Օսեթիան և Չամերիան: