Առեղծվածային դեպքի մանրամասները. Տաշիրում տղամարդը հորեղբորորդուն առավոտյան մահացած է գտել

Քանի որ երկուսն էլ ալկոհոլ օգտագործած են եղել, որոշել են գյուղ չվերադառնալ ու գիշերել են Տաշիրի տանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Մեզ որոշ մանրամասներ է հայտնի դարձել այսօր Տաշիր քաղաքում տեղի ունեցած դեպքից:

Երևանյան փողոցի թիվ 240 տունը, որտեղ հայտնաբերվել էր տղամարդու դի, պատկանում է մահացածի հորեղբոր որդուն:

Մայրն անզգուշաբար կրակել է որդու ուղղությամբ. երեխային տեղափոխել են հիվանդանոց

Վերջինս օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանից: Եղբայրներն ապրում են Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում: Երեկ նրանք միասին գյուղից եկել են Տաշիր՝ մասնակցելու ընդհանուր ծանոթի ծննդյան տարեդարձին:

Քանի որ երկուսն էլ ալկոհոլ օգտագործած են եղել, որոշել են գյուղ չվերադառնալ ու գիշերել են Տաշիրի տանը: Վաղ առավոտյան նրանք արթնացել են ու զրուցել իրար հետ, որից հետո դարձյալ քնել են:

Ռուսաստանից վերադարձած տղամարդը ժամը 14-ի սահմաններում գնացել է եղբոր ննջարան ու տեսել, որ նա իր կանչերին չի արձագանքում: Անմիջապես ահազանգել է 1-03:

Ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է, որ 40-ամյա տղամարդը մահացած է: Մեր տեղեկություններով՝ մահացածի գլխին վնասվածքներ են եղել:

Այս պահին դժվար է ասել, թե դրանք ինչի հետևանք են՝ ընկնելու, թե ծեծի ենթարկվելու: Մահվան պատճառը պարզ կլինի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: