Ամեն ինչ սկսվեց մի օգտատիրոջ ֆեյսբուքյան դիտարկումից, թե չատով «անհատական մերսման» առաջարկություն-գովազդ է ստացել` նկարով, հեռախոսահամարով, մի խոսքով՝ տեղը-տեղին: Հա, ու արական սեռի ներկայացուցիչ օգտատիրոջն այդ ամենի մեջ հետաքրքրել էր այն, թե նկարում պատկերված հսկայական եղունգներով, ավելի ճիշտ՝ ճանկերով, իսկ ավելի ու ավելի ճիշտ՝ մագիլներով դիցուհին ո՞նց է մերսում անելու, առավել ևս՝ անհատական: Բայց մեր այս գերզարգացած ժամանակներում մի՞թե դա հարց է, ընդամենը մեկ հեռախոսազանգ՝ նշված համարով, ու պատասխանը հայտնի է:
Կատակը՝ կատակ, սակայն իրականում էլ «Ֆեյսբուք» ու հատկապես «Օդնոկլասնիկի» սոցցանցերում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում նմանօրինակ «անհատական մերսման» առաջարկություն-հրավերքները:
Դե, «Ֆեյսբուքում» ինքս էլ նախկինում դիպվածաբար, ընդհանուր լրահոսում հանդիպել էի նման գրառումների: Իսկ «Օդնոկլասնիկի» մասին պատմեցին և «սքրին-շոթ»-եր ուղարկեցին ծանոթներս:
Չբավարարվելով նման արձանագրումներով՝ շարժվեցի առաջ: Պատկերացրեք, որ «Ֆեյսբուքի» որոնման պատուհանիկում «անհ…» երեք տառը մուտքագրելուց հետո, ինչպես ասվում է, «անհատական մերսում» անվանումով մի ամբողջ կապուկ օգտատերերի էջերի հղումներ հայտնվեցին մոնիտորին:
Մերսել է, որ մերսում են: Փաստորեն, շուկայի կանոններին համահունչ՝ հասարակությունը մերսման լուրջ պահանջարկ ունի, եթե նման ճոխ ու առատ առաջարկ է հրամցվում:
Չնայած նման բազմազանությանը, բոլոր այդ «անհատական մերսուհիների» ֆեյսբուքյան էջերը նման են, ինչպես ջրի երկու կաթիլը: Որպես կանոն, առաջարկվում է «անհատական մերսում»՝ հավանական մերսվողին հարմար ժամի ու վայրում, նշվում է հեռախոսահամար, որով կարելի է կապ հաստատել մերսուհու հետ: Հա, ևս մեկ կարևոր մանրամասնություն. լուսանկա՛րը: Սովորաբար զետեղված է այնպիսի լուսանկար, որը ցանկասիրական գրգիռներ հարուցի, սակայն հիմնականում մերսուհիների դեմքերը կա՛մ քողարկված են, կա՛մ լավ չեն նկարված, կա՛մ նույնիսկ դիմակի տակ են: Լինում է անգամ՝ պարզապես տիկնիկի նկար է դրված: Դա` ավելի քիչ: Իսկ մեծ մասամբ լուսանկարներ են, որոնք երկմտելու տեղ չեն թողնում այն իմաստով, թե հատկապես ինչ կարգի «մերսման» մասին է խոսքը:
Էջերի մեծ մասից հղումով կարելի է անցնել «մերսման» մասնագիտացված կայք: Բայց եթե ժամանակակից հակավիրուսային ծրագիր կա ձեր համակարգչում, ապա այդ կայք չեք կարողանում մուտք գործել, հակավիրուսն է արգելափակում: Իսկ եթե վիրուս-միրուսը ձեզ չի հետաքրքրում, ապա՝ դուք գիտեք:
Որոշեցի մի քիչ էլ «հետազոտել»: Հեռախոսահամարները գրանցեցին ու հերթով զանգեցի: Մի հեռախոսահամար ընդհանրապես արդեն «գոյություն չուներ»: Պարզ է՝ «ալիքը այրվել է»: Չվհատվեցի: Երկրորդ-երրորդ զանգերին պատասխանող չեղավ: Բայց ճանապարհը քայլողն է հաղթահարում.
-Բարև ձեզ:
-Այո՜, բարև:
-Ֆեյսբուքում տեսա ձեր համար: Ինձ «անհատական մերսում» են նշանակել, ինչպես կարող ենք կազմակերպել, ի՞նչ պայմաններով:
-Ես անհատական մերսուհի եմ, այսինքն՝ դուք ընտրում եք հյուրանոցը, մեկ ժամ շուտ զանգահարում եք, ես մոտենում եմ: Բնակարանային այց չեմ ընդունում, միայն՝ հյուրանոց: Իսկ պայմանները հետևյալն են. հնդկական մերսում, մեկ ժամը՝ 25 հազար դրամ (կատարվում է ընդհանուր ռելաքսացիա՝ մկանային մերսման հետ), կա նաև երեք տեսակի մերսում միաժամանակ, դա էլ՝ 30 հազար դրամ: Ու՝ միայն մերսում, ոչ մի ուրիշ բան:
Ահա այսպիսի հետաքրքիր «զրույց»: Կարճ ասած՝ անհատական մերսում, բայց միայն հյուրանոցի ներսում: Հա, ու «ինտիմ չառաջարկել»: Իսկապե՞ս: Իսկ ո՞վ է մերկ կամ կիսամերկ մերսում: Ու առհասարակ ինչի՞ համար են «մերսման սրահները»: Եվ ամենից կարևորը` ինչե՞ր են թաքնված այդ հյուրանոցային «անհատական մերսումների», շատ դեպքերում նաև՝ «մերսման սրահների» տակ կամ հետևում: Դեհ, փորձեք գուշակել մեկ փորձից:
Ի դեպ, իրականում պրոֆեսիոնալ մերսողի հետ ևս զրուցեցի: Բնականաբար, նշեց, որ անհեթեթություններ են այդ «մեկժամյա անհատական մերսում»-ները: Իրական մերսողը կոնկրետ է նշում` մեջքի մկանային կեսժամյա մերսում (մոտ 5000 դրամ), թևերի 15 րոպեանոց (1500 դրամ՝ յուրաքանչյուր թևի համար), գլխի, պարանոցի, ոտքերի և այլն: Եթե անհրաժեշտ է ամբողջ մարմնի մերսում, ապա ծառայության գումարը մոտ 20000 դրամ է: Իսկ առհասարակ, ինչպես ընդգծեց պրոֆեսիոնալ մերսողը, դա այնպիսի գործ է, որ նախ` պետք է բժշկի հետ խորհրդակցել, պետք է բժշկի մասնագիտական ցուցում լինի: Մյուս անհեթեթությունը, ըստ պրոֆեսիոնալ և իրական մերսողի, բացառապես հյուրանոցում մերսելու պայմանն է: Անհեթեթ, քանի որ պրոֆեսիոնալ մերսողը դա անում է պոլիկլինիկայում, կլինիկայում, հիվանդի կամ մերսվողի ցանկությամբ՝ նաև բնակարանային պայմաններում: Ի դեպ, հիմա նաև գեղեցկության սրահներ կան, որտեղ ևս կարող են մերսման ծառայություն առաջարկել:
Սակայն վերադառնանք մեզ սկզբում հետաքրքրած «անհատական մերսումներին»: Բոլոր այդ վիրտուալացված, այսինքն՝ համացանցային տիրույթում առաջարկվող նույնաբովանդակ, էրոտիկ պատկերներով համեմված առաջարկությունները պարզորոշ հուշում են այն, ինչը արդեն ձեր մտքով անցավ:
Առավել զավեշտական է հնչում «միայն մերսում» ֆրազը: Դե, ինչ իմանաս, որ հարկայինից կամ ավելի վատ՝ ոստիկանությունից չեն զանգել, չէ՞, ի՞նչ կարիք կա հեռախոսով ասել ավելին: Մյուս կողմից, եթե «միայն մերսում» է, իմաստը ո՞րն է նշել, թե գայթակղիչ այսինչը սպասում է, որ ձեզ մերսի: Մերսելիս գայթակղիչն ո՞ւմ է պետք: Նա մերսելո՞ւ է, թե՞ գայթակղի:
Մեր լավ գործընկերուհին սրամիտ արձագանքեց չատով «անհատական մերսման» առաջարկություններին` նկատելով, թե անգամ վիրտուալ ու անգամ չատով, այս «անհատականներից» կարելի է միայն մեկ բան ստանալ՝ մաշկավեներոլոգի արտահերթ ուղեգիր:
Իսկ վերջին շրջանում այդ «ծառայությունների» սոցցանցային գովազդները ու դրանց հաճախակի բնույթ կրելը հստակ ակնարկում են, որ խոսքը որոշակիորեն համակարգված, կազմակերպչական կայուն հիմքերի վրա դրված գործունեության մասին է: Մերսումը, թեկուզ «անհատական մերսումը» օրենքով, իհարկե, արգելված չէ:
Բայց հարցն այն է, որ բոլոր այդ «անհատական մերսումների» հետևում կարող է գործունեության այլ տեսակի ցանց հայտնաբերվել: Ինքս, օրինակ, չեմ զարմանա, եթե մի օր իրավապահները նման «հայտնագործություն» անեն: Եթե, իհարկե, դա նրանց երբևէ հետաքրքրի: