Անհանդուրժողականությունը և ատելությունը կվերածվեն բռնության. Թաթոյանն անհանգստացած է

ՄԻՊ–ի խոսքով` մարդիկ սոցիալական ցանցերում բաժանված են խմբերի, նրանք իրար վրա «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» պիտակներ են կպցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Սոցիալական ցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը հղի է իրականության մեջ բռնության դրսևորումներով, խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով` սոցիալական ցանցերում իրավիճակը անհանգստություն է պատճառում։

Դատական բարեփոխումների անցնցում զարգացումներն են միայն գրանցում հաջողություն. ԲԴԽ–ի կոչը

«Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելությամբ, վիրավորանքով լի հաղորդագրություն գրել սոցիալական ցանցում։ Տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը բաժանվում է խմբերի, նրանք միմյանց վրա կպցնում են «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» պիտակներ և վիրավորում իրար», – ասաց Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ–ն ասում է` չի կարելի հասարակությունը բաժանել նման կատեգորիաների։ Նրա կարծիքով` ներկա իրավիճակի պահպանումը և զարգացումը կարող է ապագայում հանգեցնել բռնության։

«Երբ սոցիալական ցանցերում խմբի կամ մարդու դեմ սկսվում է կազմակերպված արշավ, օգտագործվում են տվյալներ անձնական կյանքից, խախտվում են նրա իրավունքները», – նշեց Թաթոյանը` ասելով, որ պետք է փոխել իրավիճակը, այդ թվում` օրենսդրական ճանապարհով։

Թաթոյանի խոսքով` ինքն է նույնիսկ ստիպված է եղել անձամբ բախվել դրա հետ։

Օմբուդսմենը համոզմունք է հայտնել, որ իրավիճակի վրա կարող են ազդել իշխանությունները, որոնք իրենց խոսքերով, կոչերով պետք է նպաստեն հասարակության մեջ հանդուրժողականության ձևավորմանը։ Նա նաև պատգամավորներին  է կոչ արել նպաստել իրավիճակի փոփոխությանը։

Թաթոյանը համաձայնել է, որ երբեմն սոցիալական ցանցերում նկատվում է նպատակաուղղված գործունեություն, բայց չի նշել, թե որտեղից են գալիս ազդակները։