ԱԺ պատգամավորները որոշեցին սահմանափակել փոքր ՀԷԿ–երի ջրօգտագործումը

Թույլտվությունների տրամադրման սահմանափակումը կանդրադառնա նաև գետերին, որոնցից դերիվացիոն թունելով ավելի քան 40% ջրառ է իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որն արգելում է որոշ գետերում փոքր ՀԷԿ–երի համար ջրօգտագործման թույլտվություններ տրամադրել։ Որոշումն ընդունվեց միաձայն։

Գյուղի և ՀԷԿ–ի պայքարն ավարտված չէ. ՀԷԿ–ը գյուղացիներից փոխհատուցում կպահանջի

Ջրային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները երեկ ներկայացրել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա պարզաբանել էր, որ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում կարգավորել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը։

Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունը, խոսքը վերաբերում է այն գետերին, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ ձկնատեսակների ձվադրավայրեր, ինչպես նաև այն գետերին, որտեղ ջրաչափական դիտակետեր կան:

Սահմանափակումները վերաբերում է նաև այն գետերին, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, նաև այն գետերը, որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը

Վերին Գետաշենում իրարանցում է. ՀԷԿ–ի տնօրինությունը դատի է տալիս գումար պահանջողներին

Ըստ Գրիգորյանի՝ խոսքը վերաբերվում է նաև հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներին, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներին, գետերի հոսքի ձևավորման տարածքներին, սողանքային տարածքներին։

Կայաններ չի կարելի կառուցել նաև այն վայրերում, որտեղ ՀԷԿ տանող ճանապարհ բացելու համար պետք է անտառ հատել։

Էրիկ Գրիգորյանը նշել էր նաև, որ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց շատ լինել` բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների: