ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի— Sputnik. Այսօր 18–ամյա մի քաղաքացի է ընկել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող արհեստական ջրավազանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Հունիսի 3-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով»,–հայտնում է ԱԻՆ–ը։
Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել արհեստական լճից։ Այն, ի դեպ, 3000-4000 քմ տարածք է զբաղեցնում և ունի 6-8 մ խորություն:
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: