ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս: Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝ 38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ: Ստացվում է, որ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ:
Ի դեպ, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։