Հայաստանի իշխանությունները ուզում են արգելել մի շարք գետերի վրա փոքր ՀԷԿ–երի կառուցումը

Կարմիր գրքում գրանցված ձկների ձվադրման վայրերը ՀԷԿ–երի աշխատանքի կողմնակի ազդեցությունից պաշտպանված կլինեն. պաշտպանված կլինեն նաև այն գետերը, որոնցից առանց այդ էլ մեծ ծավալների ջրառ է իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ-եր կառուցելու նպատակով որոշ գետերում ջրօգտագործման թույլատվության տրամադրումը:

Սևանի սիգի պահածոյի մասին բոլորն իմացել ու լռել են. ի՞նչ է թաքնված թիթեղյա տարաների տակ

Հայաստանի ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով` օրինագիծը պետք է կարգավորի փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլատվությունների տրամադրման և մերժման հիմքերը:

«Փոքր հիդրոէլեկտրոկայանների ջրօգտագործման թույլատվության տրամադրումը արգելվում է այն դեպքերում, երբ ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որտեղ առկա են ՀՀ Կամիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերը», – ասել է Գրիգորյանը։

Արգելքն առնչվում է նաև այն գետերին, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով գերազանցում է 40 տոկոսը: Բացի այդ արգելքը կգործի այն գետերի համար, որտեղ կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը։

Փոքր հիդրոէլեկտրակայաններ արգելվում է կառուցել նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում և պահպանման գոտիներում, բնության հուշարձաններից 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետի հոսքի ձևավորման տարածքներում և գետահատվածներում։

ՀԷԿ–եր կարգելվի կառուցել նաև անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհները կառուցելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա հատել ծառեր:

Գրիգորյանը նաև հայտարարեց, որ այն տարածքներում, որոնք գետավազանների կառավարման ծրագիր չունեն, թույլտվություն չի կարող տրամադրվել ավելի, քան 5 տարի ժամկետով։