Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխել են մեկուսարան. 24News. տեսանյութ

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 3-ի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։  Այս մասին տեղեկացնում է 24News-ը։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդել էր նրան տեղափոխել հիվանդանոց՝ ինսուլինի չափաբաժին ստանալու համար: Միջնորդել էր նաև դատական նիստը հետաձգել։ Միջնորդությունը բավարարվել էր։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 4-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր երեքշաբթի օրերին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով. ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։