ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Համացացնցում տարածում են ստացել Օռլովի մարզի Լիվնա քաղաքի № 2 բանտում Արսեն Երևանսկի մականունով օրենքով գողի կազմակերպած բանկետի կադրերը։
Կադրերում երևում է, որ տոնակատարությունը նվիրված էր Զատկի տոնին, որը Ռուսաստանում նշել են ապրիլի 28-ին։ Բանտարկյալներից մեկը կալանավորներին հավաքում է շարահրապարակում և Արսեն Երևանսկու (Արսեն Մկրտչյան) ու Ռոմա Շամանի անունից շնորհավորում նրանց։
Ավելի ուշ Պատիժների իրականացման դաշնային ծառայության փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է, որ Օռլովի գաղութի պետն այս միջադեպի հետ կապված ազատվելու է աշխատանքից։
Նրա խոսքով՝ նկարահանումը բջջայինով ևս մեկ խախտում է, քանի որ բանտարկյալները չպետք է հեռախոս ունենան։
Հայտնում են, որ 2018 թվականի հունիսին Արսեն Երևանսկուն ազատել են Կիրովի ուղղիչ գաղութից։ Նա առողջական խնդիրների պատճառով է ժամանակից շուտ ազատ արձակվել, բժիշկները նրա մոտ մահացու հիվանդություն են ախտորոշել։