Կապանցիները պետք է զգուշանան, քանի պարզված չէ դեղնավուն հեղուկի ծագումն ու բաղադրությունը

Կապանի փողոցում թթվային դրենա՞ժ է հոսում։ Մասնագետները հայտնել են, թե ինչպես կարող է թթվային դրենաժը մարդու օրգանիզմ «մտնել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Քանի դեռ չի պարզվել Կապանի տարածքում անձրևից մնացած դեղնավուն ջրի բաղադրությունը, տեղի բնակիչները պետք է զգույշ լինեն ու փորձեն չշփվել այդ ջրի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Նշենք, որ օրերս «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական կայքի իր էջում լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։

«Նախ պետք է հասկանալ` իսկապես թթվային դրենա՞ժ է, թե՞ պարզապես ավազով է անձրևաջուրն աղտոտված։ Դրա համար պետք է այն հետազոտվի և հասկանանք` կա՞ վտանգ, թե՞ ոչ։ Ամեն դեպքում պետք է իրազեկել բնակչությանը, որպեսզի զգույշ լինեն ու փորձեն չքայլել այդ տարածքով, երեխաներին զգուշացնեն, որպեսզի չառնչվեն այդ ջրի հետ»,–ասաց Բակունցը։

Նրա խոսքով` եթե հանկարծ պարզվի, որ այդ ջուրը վտանգավոր է, պետք է մաքրվի այդ տարածքից։

Խոսելով առհասարակ թթվային դրենաժի վնասակարության մասին` մասնագետը տեղեկացրեց, որ այն չի ցնդում և ուղղակիորեն չի կարող ազդել մարդու առողջության վրա, եթե կոնտակտի մեջ չմտնես։ Սակայն, ըստ նրա, կա հարցի երկրորդ կողմը. այդ ջուրը հոսելով` կարող է ճանապարհից վերցնել այլ վտանգավոր նյութեր ու հետո թափվել ինչ–որ աղբյուրի մեջ։ Նայած թե այդ` արդեն իսկ աղտոտված ջուրը հետո ինչի համար են կիրառելու` ոռոգման և այլն, այն կարող է դառնալ վտանգավոր։

Ո՛չ մետաղական հանքարդյունաբերությանը. Եղեգնաձորն էլ միացավ մերժած համայնքներին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ բնության մեջ ամեն ինչ շրջապտույտի տեսքով է` մենք աղտոտում ենք բնությունը, հետո ջրի, սննդի հետ մեր աղտոտածի հետևանքը ներխուժում է մեր իսկ օրգանիզմ։ Թթվային դրենաժները, նրա խոսքով, թափոնակույտերից են առաջանում, որոնք այնքան շատ են Հայաստանում։

«Էկոլոգիական մշակույթի պակասն ակնհայտ է մեզ մոտ։ Ճիշտ է, թթվային դրենաժն օդային ճանապարհով հնարավոր չէ ինչ–որ վնաս հասցնի մարդկանց առողջությանը, սակայն երբ կրկին անձրև գա, այն կխառնվի կուտակված ջրերին, որոնք էլ հոսելով ոռոգման ջրերին կմիանան։ Այս դեպքում այն բնակչության առողջության վրա կազդի, կաղտոտի հողն ու ջուրը, կտուժեն նաև կենդանիները»,–ասաց բնապահպանը։

Նրա խոսքով` պարզելու համար, թե կոնկրետ Կապանի դեպքում դա թթվային դրենա՞ժ է, թե՞ ոչ, պետք է տեղում ջրից նմուշառում կատարվի ու ուսումնասիրեն այն։ Այս խնդրով, ըստ նրա, պետք է տեղական ինքնակառավարման մարմինները զբաղվեն։

Նշենք, որ թթվային դրենաժը հանքահանման հետևանքով առաջացած ամենալուրջ սպառնալիքներից մեկն է տեղանքի ջրերի համար, քանի որ այն կարող է տարիներ շարունակ աղտոտել գետերն ու գետակները։

Հանքի թթվային քամաջուրն առաջանում է այնտեղ, ուր ծծմբային միացություններով հարուստ հանքաքարը շփվում է օդի ու ջրի հետ, օրինակ, հանքի բաց փոսերում-խոռոչներում, հանքային թունելներում...

Իսկ թե ինչ քայլեր են անում Կապանի պատկան մարմինները խնդրի առնչությամբ` կներկայացնենք հաջորդիվ։