Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

Երեխաների պաշտպանության օրը Երևանում լոլիկով և պանրով համեղ պիցցա պատրաստեցին: Երեխաներից շատերն էին եկել՝ համտեսելու իտալական սիրված ուտեստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի –Sputnik. Երևանում այսօր թխեցին Հայաստանի ամենաերկար պիցցան, որի երկարությունը 13 մետր էր, լայնությունը` 65 սմ: «Տորիա կարտա» ընկերության մարքեթինգի և վաճառքի բաժնի տնօրեն Սիրան Աբաջյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ռեկորդը հավանաբար կընդգրկվի «Դյուցազնագրքում»:

Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

«Մտահղացումն իմն է: Մենք երկար էինք մտածում, ինչ տոն կազմակերպենք երեխաների համար, և որոշեցինք Երեխաների պաշտպանության օրը պատրաստել ամենաերկար պիցցան ու հյուրասիրել երեխաներին», – ասաց Աբաջյանը:

Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

Ընդ որում, որոշվել էր պատրաստել «Մարգարիտա» տեսակի պիցցա, որը երեխաներն այդքան սիրում են, բացի այդ, շոգ եղանակին այն առավել անվտանգ է հյուրասիրության համար, որը կազմակերպվել էր Թումանյանի փողոցում բաց երկնքի տակ:

Պանրով և լոլիկով պիցցան ըստ արժանվույն գնահատելու էին եկել մի քանի տասնյակ երեխաներ և մեծահասակներ, չէ՞ որ քչերն են անտարբեր իտալական այս ուտեստի հանդեպ:

Այցելուների թվում էր նաև 6 տարեկան Արեն Եղիազարյանը:

Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

«Սիրում եմ այս պիցցան, ամենից շատ ինձ դուր է գալիս պանրի համը», – ասաց Արենը Sputnik Արմենիայի թղթակցին:

Հարցին, թե ինչ է ցանկանում մաղթել երեխաներին, Արենը պատասխանեց` թող ուրախ լինեն և լսեն մայրիկներին:

Սիրված ուտեստից մի կտոր համտեսելու էր եկել նաև Մոնիկա Գալստյանը: Աղջիկը շատ է սիրում այս ուտեստը, և նա համոզված է, որ Հայաստանում շատ համեղ պիցցա են պատրաստում:

Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

Իսկ Նարեկ Հայրապետյանին միջոցառմանը հրավիրել էր տատիկը, որն աշխատում է այն հաստատությունում, որտեղ էլ պատրաստել են պիցցան:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին անգամ ռեկորդ էր սահմանվել մայիսին, տոլմայի փառատոնի ժամանակ, երբ հայ խոհարարները 100 մետրանոց տոլմա էին եփել: Ավելի վաղ Գինեսի ռեկորդների գրքում ներառվել էր հայկական ավանդական գաթան:

Հայաստանում հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվում: