ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի— Sputnik. Ազգային ժողովի բակում և Բաղրամյան պողոտայում ամբողջ օրվա ընթացքում տոնական մթնոլորտ կլինի։
ԱԺ–ի բակում երեխաները պարում ու երգում են, իսկ Բաղրամյան պողոտայի տարբեր հատվածներում ստեղծված են բոլոր հարմարությունները երեխաների զբաղմունքի և խաղալու համար։ Կավճանկարչությունից մինչև ֆուտբոլ, թենիսից մինչև «ռեզին». խաղերի հարցում երեխաները ընտրության հնարավորություն էլ ունեն։
Բաղրամյան պողոտայում գտնվող ԱԺ–ի բակում են նաև տարբեր հեքիաթների հերոսները` «Միկի և մինի մաուսները», շնիկներն ու կատուները։
Ազգային ժողովի պատգամավորները երեխաներին այսօր պիտի հեքիաթներ պատմեն։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ երեխաներին ոչ թե հեքիաթ, այլ իրական մի դեպք կպատմի։
«ԱԺ պատգամավորներն այս կարճ ժամանակահատվածում այնքան շատ հեքիաթներ են պատմել երեխաներին, որ հիմա ճիշտ պատմություններ պատմելու ժամանակն է, դրա համար էլ ես իրական մի դեպք կպատմեմ, որից իրենք կկարողանան նաև ինչ–որ բան սովորել»,–ասաց նա` չբացելով փակագծերը, թե ինչի մասին է խոսքը։
Սիմոնյանը շնորհավորեց երեխաների տոնը` մաղթելով նրանց գունավոր մանկություն։