Խաչատուր Լազարյանը՝ Հովակիմ Լազարյանի որդին, ծնվել է 1789 թվականի հունիսի 1-ին՝ 230 տարի առաջ: Մարդկանց բնութագրում են իրենց գործերը: Իսկ մեծագործություններն ընդգծում են նրանց ազնվական բնույթն ու նկարագիրը: Թեպետ Լազարյաններին ռուսական ազնվականական տիտղոս շնորհվել է 18-րդ դարի 70-ականներին՝ Եկատերինա երկրորդ կայսրուհու կողմից, բայց դա ավելի շուտ ակնհայտ փաստի ճանաչում կամ արձանագրում է հիշեցնում, քանզի Լազարյանների մեծագործությունների հետագիծը թույլ է տալիս երևակայել, որ հնամենի ժամանակներից եկող հայոց նախարարական տոհմի ժառանգներ էին նրանք:
Իր կյանքի ավելի քան ութ տասնամյակի ընթացքում բազմաբեղուն գործունեություն ծավալած ու մեծ հետք թողած Խաչատուր (Քրիստոֆոր) Լազարյանը, ինչ խոսք, այն պատմական կերպարը չէ, ում գործունեությունը հնարավոր է լրագրային անդրադարձով ամփոփել: Այստեղ հատորների մասին կարելի է խոսել, իհարկե:
Ուստի միայն երկու բնութագրական դրվագ կառանձնացնենք այս մեծ հայի կյանքից:
Հայտնի է, որ 19-րդ դարի 20-ական թվականներին վերստին ազգային-ազատագրական պայքար ծավալած հայությունը լիահույս էր՝ Արևելյան Հայաստանում վերականգնել իր ինքնուրույն պետականությունը, հասկանալի է՝ Ռուսական կայսրության աջակցությամբ: Բայց Ռուսական կայսրության շահերը այլ էին և ռուս-պարսկական, ապա և ռուս-թուրքական պատերազմներից հետո նման վերջնարդյունք չէին ենթադրում:
Բայց այն ժամանակներում կոնկրետ գործիչներ ունեին այդ նպատակադրումը, ինչպես օրինակ, Խաչատուր Լազարյանը, որ իշխան Կոստանդին Արղությանի և բանասեր Ալեքսանդր Խուդաբաշյանի համահեղինակությամբ, կազմել էր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո հայկական ինքնավարություն ձևավորելու և համապատասխան կարգավիճակ սահմանելու կոնկրետ նախագիծ. «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» անվանումով հայտնի ծրագիրը: Չնայած «հարակից երկրամասեր» բառակապակցությանը, ծրագրով առաջարկվում էր Ռուսական կայսրության կազմում ձևավորել «Հայոց թագավորություն»՝ լայն ինքնավարությամբ: Ըստ էության, Խաչատուր Լազարյանն ու իր համախոհները Նիկոլայ I-ին առաջարկում էին վերականգնել հայկական պետականությունը, իսկ իր ցարական տիտղոսները լրացնել «Հայոց թագավոր» տիտղոսով:
Հասկանալի է, իհարկե, որ այդ ծրագիրը չի ընդունվել: Չնայած, հետագայում Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմ անցած մասը կոչվեց Հայկական մարզ:
Այո, Խաչատուր Լազարյանը ոչ թե սոսկ երազում այլ շատ կոնկրետ ու, ի դեպ, բավականին հեռատեսորեն առաջարկում էր վերականգնել հայկական պետականությունը՝ թեկուզ Ռուսական կայսրության կազմում (իրականում այդ ծրագիրը շատ ավելի բազմաբովանդակ էր և անդրադառնում էր նաև այնպիսի առաջադիմական հիմնախնդրի, ինչպիսին էր ճորտատիրության վերացման անհրաժեշտությունը): Նրա առաջարկությունը չընկալվեց նույնպիսի հեռատեսությամբ:
Բայց մեկ ուրիշ կայսրություն Խաչատուր Լազարյանը կարողացավ ոչ միայն պահպանել, այլև ծաղկեցնել: Խոսքը, հարկավ, Լազարյան ճեմարանի՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի մասին է: Խաչատուր Լազարյանը իր նախորդների հիմնած կրթօջախը ոչ միայն պարզապես պահպանում է, այլև հսկայական դեր է ունենում այն որակապես նոր մակարդակի հասցնելու և որպես այդպիսին մի ամբողջ ժամանակաշրջան գործելու առումով:
Ըստ որում՝ պահպանելով այս կրթօջախի հիմքում դրված այն առանցքային սկզբունքը, որ Լազարյան ինստիտուտը ոչ դասակարգային կամ դասակարգայնությունից զերծ ուսումնական հաստատություն է, այսինքն՝ այնտեղ կարող էին ուսանել և ուսանել են տարբեր դասակարգեր ու խավեր ներկայացնող ընտանիքների զավակները:
Իսկ Լազարյան եղբայրները շարունակաբար խոշոր նվիրատվություններ ու հատկացումներ են կատարել՝ ապահովելով իրենց տոհմի անունը կրող ուսումնական հաստատության անխափան գործունեությունը: Միաժամանակ, Խաչատուր Լազարյանը մշտական ուշադրության կենտրոնու մ էր պահում գիմնազիայի և ինստիտուտի շարունակական զարգացման, կրթական ծրագրերի բարելավման խնդիրները, իր ժամանակաշրջանի կրթության լավագույն որակը ապահովելու հարցերը:
Իսկ 1860 թվականին, երբ ճեմարանի և ինստիտուտի ուսուցման ընթացքը լրջորեն բարեփոխելու ծրագիր հաստատվեց, որ լուրջ ֆինանսական ներդրում էր պահանջում, Խաչատուր Լազարյանն իր անձնական միջոցներից նվիրաբերում է այն ժամանակվա համար խոշոր գումար՝ 200 հազար ռուբլի:
Բայց ի՞նչ ասել է խոշոր գումար մի գործչի պարագայում, որ ըստ էության, իր ամբողջ կյանքը նվիրաբերեց լուսավորության այս ուրույն օջախին: