ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը և նույն գործով վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը բողոքարկման ենթակա չէին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Դատախազությունը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից»,– ասաց նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։
«Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա որոշում չէ։ Մյուս կողմից, Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել և պարտավոր է դրանք առանց քննության թողնել։ Բայց բոլորիս համար հասկանալի է, որ այն ճնշումները, որոնք տեսանք Առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, Վերաքննիչի դատավորը շատ լավ հիմա պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, եթե հանկարծ կիրառի օրենքը»,–ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` Վերաքննիչի դատավորը կդառնա թիրախ` ինչպես թիրախ դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ավելին` Վերաքննիչի դատավորը գուցե ավելի բիրտ ճնշումների էլ ենթարկվի։ Ալումյանը շեշտեց, որ սակայն Վերաքննիչը կոպիտ ձևով խախտում արած կլինի, եթե վարույթ ընդունի այդ բողոքները։
Անդրադառնալով այն փաստին, որ դատախազության ներկայացրած երկու բողոքներն էլ մակագրվել են միևնույն դատավորին` Արմեն Դանիելյանին, պաշտպանը նշեց, որ չափազանց մտահոգիչ է դա։ Ըստ նրա` հավատալի չէ, որ երկու բողոքներն էլ պատահականության սկզբունքով նույն դատավորի մոտ են հայտնվել։
«Ի դեպ, խոսքն այն դատավորի մասին է, որը փաստաբանների մոտ վարկանիշավորման առումով ամենացածր տեղում է եղել։ Փաստաբանները միշտ ասել են, որ նա եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր, երբևէ աչքի չի ընկել դիրքորոշումներով, որոնք կհակասեին դատախազության դիրքորոշումները։ Այսինքն` գործը հայտնվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ»,–ասաց Ալումյանը` հավելելով, որ դատավորը Քոչարյանի գործերի հետ երբևէ առնչություն չի ունեցել։
Նա հայտնեց նաև, որ իրենք երկուշաբթի կդիմեն Վերաքննիչ դատարան և կպահանջեն տեղեկություն տրամադրել, թե ինչպես է ստացվել, որ երկու գործն էլ նույն դատավորին է մակագրվել։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների ելքումուտքերն արգելափակելու հորդորին ու դրա իրականացմանը` պաշտպանը նշեց, որ դա շատ պարզ մեսիջ էր Վերաքննիչ դատարանին, ինչպես նաև Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին։ Ըստ Ալումյանի` դա մեսիջ էր, թե ինչ տեղի կունենա նրանց հետ, որոնք համարձակություն կունենան Քոչարյանի նկատմամբ որոշում կայացնել, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության սրտով չի լինի։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին», ՍԴ–ում գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով` Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ։