ՌԱԴԻՈ

Պարսյան․ «Սա մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»

Խոշոր ներդրողները հիմնականում հետևում են վարկանիշավորման ռեյտինգային ցուցակներին՝ այս կամ այն երկրում ներդրում անելուց առաջ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի հրապարակմանը։
Sputnik
Պարսյան․ «Սա մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»

«Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի հրապարակած վարկանիշավորման համաձայն` Հայաստանի համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Բրիտանական վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին ու դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ավետիսյան․ «Ներդրումների համար ամենակարևորը պայմանների առաջադրումն է»

«Հայաստանի ներդրումային վարկանիշի տեսանկյունից սա մեծ հարված է։ Եվ այդ հարվածը սպասելի էր, քանի որ այս կառավարությունը արեց մի շարք սխալներ»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա գնահատմամբ` այդ վարկանիշավորման վրա ազդել է առաջին հերթին Ամուլսարի հետ կապված հարցը․ պետությունը մեկ տարի է`` չի կարողանում որոշում կայացնել, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը միջազգային խոշոր կազմակերպություն, բնականաբար կապերն օգտագործել է տարբեր հարթակներում խնդիրը բարձրաձայնելու համար, և նրա ձայնը տեղ է հասել։

Տնտեսագետի հիշեցնում է, որ կառավարությունը երկրի զարգացումը կապում էր խորհրդարանական ընտրության հետ. եթե շուտ լինի, ապա ներդրումները շատ կլինեն։ Բայց այդպես չեղավ։

Հաջորդ խնդիրը, Պարսյանի գնահատմամբ, այն է, որ կառավարությունը չի կարողացել ստեղծել ներդրումներ սպասարկող թիմ և քաղաքականություն, ինչը կերաշխավորեր բարձր ռիսկայնություն ունեցող խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը Հայաստանում։

Ավելին` այս կառավարությունը չի տալիս երաշխիքներ, որ ներդրումները ապահով կլինեն և այս կամ այն քաղաքական գործոնով չեն բեկանվի նախկինում ընդունված որոշումները։

Պարսյանը նշում է, որ գործարարները խնդիր ունեն երկարաժամկետ երաշխիքների, իսկ կառավարության տնտեսական քաղաքականությունը չի նպաստում դրան։ Կառավարությունը պետք է հասկանա, որ արդեն իշխանություն է և պետք է գնա արմատական կոնկրետ քայլերի։