ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին «ՔՊ» վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում` վերջինս ինքնաբացարկ կներկայացնի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Կուսակցության նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։ Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին»,–գրում է թերթը։
«Հրապարակի» թղթակիցը կանոնադրության նոր փաթեթի մշակման համակարգող, պատգամավոր Վահագն Հովակիմյանին հարցրել է` արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան նա նշել է, որ ոչ, իրականում վարչապետն ինքը այս տարիների ընթացքում քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացրել, հանել թեկնածությունը, երբ առաջադրել են, և այս անգամ էլ նույնը կանի։
Որոշ տեղեկություններով՝ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուները Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Վահագն Հովակիմյանը նշել է, որ վարչության նախագահի ընտրության կարգի տեխնիկական փոփոխությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» օրենքով։
Ըստ այդմ` «Կուսակցությունների մասին» օրենքն է նոր կարգավորումը տալիս, որ պարտադիր պետք է համագումարն ընտրի վարչության նախագահին։