Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն ուղղված են եղել մեկ այլ անձի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրականում ում էին ուղղված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ հնչած կրակոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Կասկածներ կան, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեև նա չի եղել մեքենայի մեջ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է։ Նրա մեքենան ուղևորվել է Երևան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ»,–գրում է թերթը։

Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, իսկ կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջև դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում:

Չի բացառվում` Սևան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետևանք է: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» դիմել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշել է, որ ոչինչ չի կարող ասել:

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակելու քրգործով 2 հոգու են ձերբակալել