Արցախի ՊՆ–ն Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել

Ադրբեջանը միայն 1 օրում 80 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու։ Այս մասին հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը` ամփոփ տեղեկություն հայտնելով շփման գծում տեղի ունեցած խախտումների մասին։

Արցախում 19 տարեկան զինվոր է զոհվել

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց:

«Հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դրա հետևանքով հունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, միաժամանակ հայտարարում է, որ հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ: