Երևանի քաղաքապետարանի հնարքը. նոր «ԿամԱԶ»–ների համար կվճարի «Սանիթեքը». «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքից» գումար գանձելու նոր մեթոդ է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը, որը 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել` համայնքային կառավարման հիմնարկի միջոցով աղբահանություն իրականացնելու համար, հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինը» որոշել է գանձել «Սանիթեքից»։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Երևանի քաղաքապետարանը սկսել է «Սանիթեքի» փոխարեն հավաքել աղբը. տեսանյութ

«Մեխանիզմն այսպիսինն է․ քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում են այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, և «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է»,–գրում է թերթը։

Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախորդ անգամները տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ, հաջորդը, հավանաբար, ավելի մեծ թիվ կլինի։ Այս տուգանքներով փորձում են «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը։

Չենք սպասելու «Սանիթեքին». Մարությանն ասել է` ինչպես են լուծելու աղբամանների հարցը

Հիշեցնենք` դեռ մայիսի 3–ին տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն` ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի։ «Սա հետևանքն է խախտումների և չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում»,– հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ըստ պայմանագրի` թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով։