ՀՀ ոստիկանության պետը ստորագրել է ԱՊՀ երկրների ՆԳՆ համագործակցության հայեցակարգը

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի պատվիրակությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուրբաթ Տաշքենդում ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների պատվիրակությունների հետ միասին ընդունել է մինչև 2030թ. համագործակցության հայեցակարգը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ուզբեկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Օսիպյանը Տաշքենդում է. նա մասնակցում է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստին

Տաշքենդում մայիսի 31–ին Ուզբեկստանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի 46–րդ նիստը։ Դրան մասնակցել են պատվիրակություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Թուրքմենիայից։ Նիստի օրակարգում եղել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև մի շարք կազմակերպչական հարցեր։

Խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել է ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության մինչև 2030թ.ի հայեցակարգ։

Միջգերատեսչական համագործակցության շրջանակում տեղի կունենան օպերատիվ–պրոֆիլակտիկ միջոցառումներ հանցավորության դեմ պայքարի, օպերատիվ–հետախուզական գործունեության ոլորտում արդյունավետ միջպետական գործակցության տարբեր ուղղություններով։