Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակելու քրգործով 2 հոգու են ձերբակալել

Մարդկանց ձերբակալել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է երկու անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը զրկվել Արցախի քաղաքացիությունից

«Նրանք ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով»,–հայտնեց նա։

Հիշեցնենք` Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմանում Սևան-Մարտունի ավտոճանապարհին «արցախցիներին հայտնի բանդայի կողմից» հետապնդման են ենթարկվել Բաբայանի համակիրները։ Ըստ հայտարարության` նրանք փակել են ճանապարհն ու հրազենից կրակահերթ ուղղել Բաբայանի համակիրների ուղղությամբ։

Ոստիկանությունն արձագանքել էր այդ հայտարարությանը և հայտնել, որ քննություն է իրականացնում։

Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ ասել էր, որ պետք չէ դավադրություն փնտրել Բաբայանի գրասենյակի հայտարարած միջադեպում, քանի որ իրենք գործով զբաղվում են, գործն ամբողջությամբ բացահայտված է։