Սա կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ. Սամվել Բաբայան

Բաբայանը կոչ է անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Սամվել Բաբայանն ԱԱԾ–ին և Ոստիկանությանը կոչ է անում Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ։

Այս մասին ասված է Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարության մեջ։

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակելու քրգործով 2 հոգու են ձերբակալել

«Այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը` ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ` կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 30–ին Սամվել Բաբայանի գրասենյակն ահազանգել էր, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևան- Մարտունի ավտոճանապարհին հետապնդման են ենթարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրները։

Նույն օրը լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ–ն գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է։Նրա խոսքով` մասնակիցների շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ։ Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է։