Հայաստանում 38 հազար ուսուցիչների աշխատավարձն այս տարվա սեպտեմբերի 1-ից կբարձրանա: Ճիշտ է` առայժմ չի խոսվում, թե որքան շոշափելի կլինի այդ բարձրացումը:
Իսկ հիմա կենտրոնացեք, հավաքվեք և լսեք: Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի աշխատավարձն անցած տարի բարձրացել է 45 անգամ, ընդհանուր առմամբ` կազմել է 2,28 միլիարդ դոլար: Տպավորիչ է, չէ՞:
Հիմա Իլոն Մասկն ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդն է: Նրան հաջորդում է Discovery Inc.-ի գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը (129 միլիոն), իսկ երրորդը Palo Alto Networks-ի ղեկավար Նայքշ Արորան է, որը 125 միլիոն դոլար է ստանում:
Նրանց համար, ովքեր չգիտեն: Tesla–ն ամերիկյան ընկերություն է, որն արտադրում է էլեկտրամոբիլներ, զբաղվում էլեկտրաէներգիան կուտակելու խնդիրներով:
Discovery Inc.–ը կառավարում է գործող հեռուստատեսային ցանցերը, աշխատակիցների թիվը յոթ հազար է (առավելապես ինտելեկտուալ առումով զարգացած գլուխներ):
Palo Alto Networks-ը բազմազգ (հայերի ներկայության մեջ կարող եք չկասկածել) ընկերություն է կիբեռանվտանգության ոլորտում:
Որտեղի՞ց են հայտնվել այս հիանալի ցուցակներում ընդգրկված երջանիկները: Անշուշտ, դպրոցական նստարանից: Համալսարանները, հատուկ ուսումնական հաստատությունները, քոլեջները հետո են եղել, իսկ սկզբում եղել է դպրոցը, որտեղ (եթե խոսենք Հայաստանի մասին) միշտ ցավալիորեն քիչ են վճարել և վճարում, բայց ամեն դեպքում սովորեցրել են, սովորեցնում են և կսովորեցնեն: Իսկ հետո արդեն յուրաքանչյուրի կարողություններին և նպատակահարմարությանը համապատասխան (չենք բացառում բախտը բերելու հանգամանքը և այն, որ ամեն շիվ չէ ծառ դառնում):
Ինչ-որ մեկը լավ գրքեր է գրում և երգեր հորինում, մյուսն էլ լավ շինարար է, մեկն էլ` քաղաքական գործիչ: Ես վստահ եմ, որ մեր հանրապետությունում և դրա սահմաններից դուրս կան տաղանդավոր ձեռնարկատերեր, որոնք շահագրգռված են պատմական Հայաստանի զարգացման հարցում: Խնդիրն այն է, որ խելացի գրքեր գրելը, լավ երգեր հորինելը, կառուցելը, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելն առայժմ ավելի լավ ստացվում է Հայաստանի սահմաններից դուրս: Եվ այդ փաստը տագնապալի է:
Չափավոր լավատեսություն առաջացնող դիտարկումներից. հայկական «Գեոկոսմոս» ՓԲԸ–ն ներառվել է տիեզերական թիմի կազմում և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների հետ բարելավելու է տիեզերական ոլորտի ձեռնարկությունների համագործակցության տեխնոլոգիական և նորարական որակը: Դա ձեզ համար մանղալի վրա խորոված անել չէ:
Ակամայից ծնվում է այս տողը. մենք «Ռոսկոսմոսի» հետ ձեռք ձեռքի տված մասնակցում ենք տիեզերքի ուսումնասիրությանը, տիեզերական աղբի գտնելու և հետազոտելու աշխատանքներին (եթե մեր ոտքերի տակ թափված աղբի մասին էլ չմոռանայինք, ավելի հետաքրքիր կլիներ):
Եվ էլի ոգեշնչող լուրերի շարքից. Հայաստանում 56 տարեկան կինը դարձել է առաջին հիվանդը, որին դոնորային լյարդ են փոխպատվաստել: Վիրահատությունը կատարել են հայ վիրաբույժները Բուռնազյանի (Մոսկվա) անվան գիտական կենտրոնի գործընկերների հետ համատեղ: Ինչպես պատմել է լրագրողներին Մոսկվայի փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանը, լյարդի փոխպատվաստումն ամենաբարդ վիրահատություններից է (սրտի փոխպատվաստումից բարդ է): Եվ դա նույնպես հանաք բան չէ, բայց կարողացել են:
Ուշադրություն դարձրեք. առաջընթացի միտումներ են նկատվում ժամանակակից արտադրության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բայց վնասներ կրում ենք նույն տեղում:
Անձնականից: Զանգահարել էր Արամ Շահինյանը` ՏՏ ոլորտի մասնագետը, որը մանուկ հասակից հույսեր էր ներշնչում և լիովին արդարացրել է դրանք: Նա այսօր ընտանիք ունի (կին, երեխաներ): Արամը Երևանից էր զանգում: Պայմանավորվեցինք հանդիպել:
Հետո կրկին զանգեց, բայց արդեն Կալիֆոռնիայից: Հրավերն ընդունել էր ու գնացել Ամերիկա: Արամը նոր գործատուներին հարցրել է, թե ինչպես են լուծվելու բնակարանի, դպրոցի, աշխատավարձի հարցերը: Կալիֆոռնիայից ասել են. «Խնդիր չի լինի, եկեք»: Սիլիկոնային հովիտն ավելի ճարպիկ է եղել:
Այսօր զանգվածային էյֆորիա արդեն չի նկատվում այն ամենի վերաբերյալ, ինչ ասում և անում է հայկական իշխանությունը, բայց Սյունիքի գործարար համաժողովում վարչապետը հետաքրքիր միտք է արտահայտել. «Մեր խնդիրն է Հայաստանը դարձնել խենթ գաղափարների իրականացման երկիր»:
Կարելի է մտածել` կրկին ինքնավստահություն, կրկին ինքնագոհություն, կրկին ջուրը չտեսած բոբիկանալ: Կարելի է: Բայց չէ՞ որ անհամ պրագմատիզմով, առանց ռոմանտիզմի հեռուն չես գնա: Որովհետև Հայաստանը խենթ գաղափարների իրականացման երկիր դարձնելու խնդիրը չպետք է խելահեղություն թվա:
Թեկուզ այն պատճառով, որ խելահեղության մեջ հույս կա, իսկ միջակության մեջ` ոչինչ: