Մխիթարյանի միջադեպը պետք է ակտիվացնի Ղարաբաղի հարցով բանակցությունները. Գասպարյան

Ինչպես նշեց ռուս փորձագետը, եթե ՈՒԵՖԱ–ն չի պատրաստվում վերլուծել պատահածը և միջոցներ ձեռնարկել, դա նշանակում է, որ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը դիտարկում է սպորտը ուղղակի որպես շահավետ բիզնես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի– Sputnik. Ռուսաստանցի քաղաքագետ և պատմաբան Արմեն Գասպարյանը Sputnik–ի եթերում մեկնաբանել է Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչում «Արսենալ–Չելսի» խաղի շուրջ ստեղծված սկանդալը, որին չի կարողացել մասնակցել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Մայիսի 29–ին Լոնդոնի «Չելսին» դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր` եզրափակչում 4։1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Արսենալին»։ «Կապույտների» կազմում գոլերով աչքի են ընկել Օլիվյե Ժիրուն, Պեդրոն և կրկնագոլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը, իսկ «զինագործների» կազմում աչքի է ընկել Ալեքս Իվոբին։ Մխիթարյանն այդ խաղը բաց է թողել` հրաժարվելով Բաքու մեկնել` անվտանգության ոչ բավարար երաշխիքների պատճառով։

Հնարավորություն է ցույց տալ` ինչ է հայ լինելը. Մխիթարյանը` Մ19 Եվրոպայի առաջնության մասին

Սակայն, Գասպարյանի խոսքով, Մխիթարյանը չի հայտարարել, որ Բաքու մեկնելն անվտանգ չէ, այլ «Արսենալի» անվտանգության ծառայությունը` ի հեճուկս ադրբեջանական կողմի պաշտոնական հավաստիացումների և երաշխիքների։

«Կատարվածն ավելորդ անգամ պետք է ցույց տա Եվրոպային, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական հակամարտություն, քանի որ մեդիատարածությունում այն ընդհանրապես չկա», – ասաց Գասպարյանը` նշելով, որ վերջին անգամ այդ թեման շոշափվել է 2016թ–ի ապրիլին` ղարաբաղյան հակամարտության գոտում թեժացման ժամանակ։

Փորձագետը նշեց, որ դրանից հետո Եվրոպայում ոչ ոք չի մտածում այդ մասին, սակայն խնդիրը կա, և հիմա դրա հետ բախվել է աշխարհահռչակ մարդ, հայտնի ֆուտբոլիստ։ Բայց չէ որ խաղի ելքը բոլորովին այլ կարող էր լինել, եթե Մխիթարյանը մասնակցեր, նա կարող էր գոլ խփել, որը կփոխեր խաղի ընթացքը։

«Կատարվածը պետք է խթանի, այդ թվում` Եվրամիությանը` Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն ակտիվացնելու համար, քանի որ դա սովորական պատմություն չէ», – ասել է Գասպարյանը։

Նրա խոսքով, երբ նման պատմությունների մեջ են ընկել Ռուսաստանի քաղաքացի հայերը, դա կարելի էր ինչ-որ կերպ բացատրել, հասկանալ, իսկ Մխիթարյանը հետ կապված իրավիճակը հասկանալը չափազանց բարդ է։

Հենրիխ Մխիթարյանը Երևանում մասնակցեց վիճակահանությանը. լուսանկարներ

«Բայց ամենից շատ վշտացնում է այն, որ այդ պատճառով, ըստ էության, վարկաբեկվել է մեծ ֆուտբոլային տոն` Եվրոպայի լիգայի եզրափակիչը, քանի որ այդ պատմությունը սկսել են քաղաքականացնել», – ասաց Գասպարյանը` հավելելով, որ ոմանք Եվրոպայում հանկարծ նկատել են` գոյություն ունի հակամարտություն, որը տևում է արդեն 30 տարի։

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, ամենաշատ հարցերը ուղղված են այդ ֆուտբոլային մաֆիային, որը կոչվում է ՈՒԵՖԱ։ Գասպարյանի խոսքով, եթե Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում, պետք է ձեռնարկեր քայլեր, սակայն ՈՒԵՖԱ–ն սահմանափակվել է ուղղակի փաստի արձանագրումով` ամեն ինչ թողնելով կոնկրետ ակումբի որոշման վրա։

«Բայց դա տարօրինակ է, քանի որ ՈւԵՖԱ–ն արդեն անհավասար դրության մեջ է դրել թիմերին` ի սկզբանե մեծ սխալ գործելով։ Սակայն այդ մաֆիան հիմա փորձում է բարեհաջող կերպով մոռանալ այդ մասին», – ասաց Գասպարյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մխիթարյանը կարող էր էպիկական սխրանք կատարել, գոլի հեղինակ դառնալ, որը կշրջեր խաղի ընթացքը:

Գասպարյանը նշել է, որ ավելի վաղ նույնպիսի իրավիճակ է եղել մերձբալթյան թիմի հետ, որը հայ խաղացողներին կրկին չի տարել Բաքու, և դա ահազանգ է եղել, որ պետք է դիտարկել պատճառները և միջոցներ ձեռնարկել։ Իսկ ՈւԵՖԱ–ն չի պատրաստվում դա անել, նշանակում է, որ այն սպորտը դիտարկում է որպես շահավետ բիզնես, նշել է փորձագետը։