Լուրը մի տականք սպայի մասին է, նա մենակ չի եղել. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է ՊԲ–ի սպաներից մեկի թեմային` նշելով, որ նա գողությունը մենակ չի արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Պաշտպանության բանակի սպաներից մեկի դեմ հարուցված քրեական գործին։ Նա այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»,– գրել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՀՀ իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: «Մասնավորապես, իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել»,–գրել է թերթը։

Ըստ թերթի` իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել այն չշահագործել:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նրա սպայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։