Հնարավորություն է ցույց տալ` ինչ է հայ լինելը. Մխիթարյանը` Մ19 Եվրոպայի առաջնության մասին

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ–ի հետ զրույցում անդրադարձել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի վիճակահանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երբ ես էի այդ տարիքում, ամբողջ տարի սպասում էինք, թե երբ ենք միջազգային խաղերի մասնակցելու, որպեսզի հաճույք ստանանք, քանի որ ուժեղ հավաքականների դեմ խաղալը միշտ էլ հաճելի է: Այս մասին այսօր մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանն ասել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում։

«Միշտ էլ հաճելի է ու նաև պատասխանատու, քանի որ ներկայացնում ենք Հայաստանն ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելը և Հայաստանի հավաքականում խաղալը:

Կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է լինելու ու մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան»,–ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը Երևանում մասնակցեց վիճակահանությանը. լուսանկարներ

Հենրիխ Մխիթարյանը կարծիքով` երևի բոլորը դժգոհ են վիճակահանությունից, քանի որ ամենաուժեղ մրցակիցների հետ միևնույն խմբում են ընդգրկվել, չնայած չկան թույլ մրցակիցներ: «Բայց մեր տղաները պետք է խաղան, պետք է ցույց տան, որ իրենք արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ։ Վախենալու ոչինչ չկա. բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են: Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի ներածին չափով ու բոլորին ցույց տալ, որ իրենք կարող են խաղալ բարձր մակարդակով: Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Եվրոպա, ինչը շատ լավ կլինի թե՛ նրանց, թե՛ հայկական ֆուտբոլի համար»,- նշել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի իր հասակակիցների հետ: