«Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան». բրիտանական պարբերականը գրել է Վանա լճի ու հայերի մասին

The Telegraph բրիտանական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Վանա լիճ ու հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այդ տարածքում հայերն են ապրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Վանա լիճը Թուրքիայի ամենալավ պահպանվող գաղտնիքներից է։ Տեսարժան վայրը հենց այսպես է նկարագրում The Telegraph բրիտանական պարբերականը։

Հոդվածում զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել բարձրադիր լիճ, ծանոթանալ հայկական մշակույթին ու հին եկեղեցիներին։

Պարբերականը նշում է` զարմանահրաշ Վանա լիճը, որը շրջապատված է 4000 մետր բարձրության հասնող լեռնագագաթներով, ավելի մոտ է Թեհրանին, քան Ստամբուլին։ Հոդվածի հեղինակ Թերի Ռիչարդսոնն ընդգծում է, որ դեռ Առաջին համաշխարհայինից առաջ այստեղ հայերն են ապրել։

«Լճի շուրջ կառուցված միջնադարյան բազում եկեղեցիները վկայում են այստեղ ապրած հայերի աշխատասիրության մասին։ Նրանք սիրում էին կրկնել. «Երկնքում` դրախտ, երկրի վրա` Վան»», – գրում է լրագրողը։

The Telegraph–ը հիշեցնում է` լճի շրջակա տարածքը դարեր շարունակ խիտ բնակեցված ու ծաղկուն տարածք է եղել, որի միջով անցել է Մետաքսի ճանապարհը։