ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ջրային կոմիտեն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ Հայաստանում ոռոգման ջուրը չի թանկացել։
«Ոռոգման ջրի սակագինն ավելի քան տասը տարի անփոփոխ է, ամբողջ հանրապետությունում 11դրամ՝ 1 խորանարդ մետրի համար, և միջինացված այս սակագինը փոփոխելու հարց չկա օրակարգում: Չկա նաև լիտրով կամ այլ տարբերակով գործող սակագին։ Գործող սակագինը ինքնարժեքից գրեթե կրկնակի ցածր է և տարբերությունը սուբսիդավորում է կառավարությունը»,– նշված է հայտարարության մեջ:
Ոռոգման ստուգիչ ջրաչափություն կարող է պահանջել յուրաքանչյուր ջրօգտագործող և ՋՕԸ պատասխանատուներն այն պարտավոր են ապահովել:
Կոմիտեն նշում է, որ գործնականում կիրառվող՝ հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջների, քանի որ, ելնելով մասնագիտական չափորոշիչներից, օրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջ ունեն: Այնպես որ, Արագածավանում կամ որևէ այլ համայնքում ոռոգման ջրի թանկացման հարց չկա և չի կարող լինել, իսկ հեկտարի դիմաց ֆիքսված գումար վճարելու պարտադիր պայմանը նորմատիվն է ըստ մշակաբույսի՝ իր ջրապահանջով։
Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային է, ինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես, եթե խոնավասեր կուլտուրաներ են մշակվում: Գերնորմատիվային հողերի՝ ջրի լրացուցիչ պահանջարկը այս և այլ համայնքներում բերում է լրացուցիչ ծախսերի, ինչն էլ արդարացիորեն հարուցում է ջրօգտագործողների դժգոհությունը: Սակայն, մեծ ծախսերից խուսափելու համար Ջրային կոմիտեն ժամանակ առ ժամանակ հորդորում է ջրօգտագործողներին՝ գյուղատնտեսի խորհրդատվությունից օգտվել և նման հողատարածքներում մշակաբույսերի ճիշտ ընտրություն կատարել: Սա լուրջ խնդիր է և համակողմանի լուծումների կարիք ունի:
Սակայն տարիներ շարունակ այս խնդիրը մնում է և ի դեպ, ոռոգման համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվում է գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում:
Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել ու ներկայացրել վերադաս նախարարություն, ինչից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կմշակվի։
Այս մասին Ջրային կոմիտեի պատասխանատուները խոսել են նաև Արագածավանի և թիրախային այլ տարածքների ջրօգտագործողների հետ: Մեկ այլ առաջարկ էլ է ներկայացվել՝ ջրաչափության նկատմամբ անվստահությունը փարատելու համար. ջրօգտագործողների կողմից ընտրել վստահելի մարդկանց և հենց նրանց վերապահել ջրաչափությունը կամ այն իրականացնել իրենց ներկայությամբ:
Հիշեցնենք, որ երեկ արագածավանցիները փակել էին միջպետական ճանապարհն ու երկաթուղին և բողոքում էին ոռոգման ջրի սակագնից։
Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը քիչ առաջ է վերադարձել Արագածավանից, որտեղ կրկին բանակցել է ջրօգտագործողների հետ, փոխհամաձայնություն է ձեռք բերվել և ճանապարհը բացվել է: