Ինչ արել եմ, կրկնապատկելու եմ. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր տնօրեն ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի թեկնածուները երկուսն են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Նավասարդյանը։

Սկանդալ «Համազգային» թատրոնում. Չալդրանյանը հեռացավ, նրան փոխարինող գտան

«Ընտրությանը մասնակցում էինք ես և մեր դերասաններից Ստեփան Ղամբարյանը։ Նա, սակայն, եկավ ու ասաց, որ չի կարող մասնակցել ընտրությանը, քանի որ պետք է գնա ոստիկանություն` գիշերը նրանց տունն են թալանել։ Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել իմ թեկնածությանը»,–ասաց նորընտիր տնօրենը։

Նա նշեց նաև, որ թատրոնի դերասան և տնօրենի ԺՊ աշխատելու տարիներին ինչ արել է, հիմա կրկնապատկելու է դրանք ու ավելի մեծ եռանդով աշխատելու։

Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը 2018–ի դեկտեմբերի 12-ին հանդիպել էր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ ու հրաժարականի դիմում ներկայացրել։ Մինչ այդ դերասանները բոյկոտում էին Չալդրանյանի` թատրոնի տնօրեն նշանակվելը։