Ռոզի Արմենը` իր և Ազնավուրի հարաբերության մասին. երգչուհին երազում է ապրել Հայաստանում

Ֆրանսիահայ երգչուհին շարունակում է երազել հայրենիքում տուն ունենալու մասին։ Նա ոգեշնչված է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և համակրում է նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը կարծում է, որ Հայաստանը դրախտային երկիր է, որտեղ ապրելը հարմարավետ է և անվտանգ։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Երգչուհին միշտ հպարտացել է հայկական արմատներով և շատ տպավորված է եղել կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի հետ իր առաջին հանդիպումից։

1991–ին ուզում էի արագ ավարտվեր համերգը, հիմա 20 երգ եմ կատարելու. Ռոզի Արմեն

Անդրադառնալով Շառլ Ազնավուրի հետ ընկերության թեմային` Ռոզի Արմենը խոստովանեց, որ նրա հետ սերտ կապ երբեք չի եղել։

«2015թ.–ին մենք հանդիպեցինք Կաննում, նրան հարցրին` ճանաչում է ինձ։ Շառլն ասաց. «Ճանաչում եմ և չեմ ճանաչում»։ Ես հասկացա, որ այդպես էլ կա, մենք հաճախ ենք հանդիպել, համակրել ենք միմյանց, բայց ընկերներ չենք եղել», – նշեց նա։

Ռոզի Արմենը շարունակում է երազել Հայաստանում տուն ունենալու մասին, նրա ցանկությունն ավելի է ամրապնդվել հեղափոխությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Ի դեպ, վերջինս հատկապես մեծ տպավորություն է թողել նրա վրա։

Երգչուհին խոստովանեց, որ համակրում է նախագահին, որովհետև նա կարողանում է լսել և զրուցել տարբեր թեմաներով։ Ի դեպ, նա Sputnik Արմենիայի խմբագրություն էր եկել Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

«Չեմ կարող ասել, որ շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո, բայց մարդիկ շատ են ժպտում, երիտասարդությունը ծիծաղում է և զվարճանում, և դա հիանալի է։ Ինձ այդ ամենը շատ է ուրախացնում», – ասում է երգչուհին։

Նշենք, որ Ռոզի Արմենը Հայաստան էր ժամանել «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո և, ելույթ ունենալով բեմում, հայտարարել, որ հպարտանում է հայ ժողովրդով։ Հիմա նա հայրենիք է եկել և համերգ տվել հայրենակիցների համար, որը, նրա խոսքով, շատ լավ է անցել։