ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության նկատմամբ կառավարությունն իր պարտավորությունները կատարել է, բայց «Կորսան Կորեյանն» իր պարտավորությունները ենթակապալառուների նկատմամբ չի կատարել։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հայտնեց Տրանպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը` անդրադառնալով ճանապարհաշինարարների բողոքին։
«Կազմակերպությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, և մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով հարցին լուծում տալ»,– ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունների տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտից փակել են Աշտարակ–Թալին մայրուղին` պահանջելով իրենց աշխատավարձերը։
Իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը, որը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության առաջին և երկրորդ տրանշի իրագործման կապալառուն է, ենթակապալառու 19 ընկերություններին պարտք է 2,2 միլիարդ դրամ։
Ենթակապալառու ընկերությունների շուրջ 800 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել։