Հայաստանը մի շարք առավելություններ ունի ԵԱՏՄ–ում. տնտեսագետը՝ Նուր-Սուլթանի նիստի մասին

Հայաստանը պետք է իրացնի ունեցած ինտելեկտուալ ներուժը ԵԱՏՄ–ում։ Նա մրցակցային առավելություններ ունի գիտելիքահեն ոլորտներում, կարծում է փորձագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանը մի շարք մրցակցային առավելություններ ունի Եվրասիական տնտեսական միությունում, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Ինչո՞ւ չի հանդիպել Պուտինի հետ և մեդալ չի ստացել. Փաշինյանը մեկնաբանել է տարածված լուրերը

Ղազախստանի մայրաքաղաքում մայիսի 29–ին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կազմակերպությունն այսօր զարգանում է և նոր հնարավորություններ բացում միության անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար։

Մանասերյանի խոսքով` Հայաստանը կարող է ԵԱՏՄ–ում առաջատար երկիր դառնալ շատ ուղղություններով։ Մասնավորապես, դրանք բարձր տեխնոլոգիաներն են, նանոտեխնոլոգիաները։ Հայաստանը բարձրակարգ կադրեր ունի այդ ոլորտներում, այդ տեխնոլոգիաների դեֆիցիտը զգացվում է ԵԱՏՄ բոլոր երկրներում։

«Հայաստանը պետք է իրագործի ԵԱՏՄ–ում ունեցած ինտելեկտուալ ներուժը։ Մեր երկիրը մրցակցային առավելություններ ունի գիտելիքահեն ոլորտներում։ Եվ ընդհանուր շուկայի առկայությունը նպաստում է այդ խնդրի լուծմանը», – կարծում է Մանասերյանը։

Նշենք, որ Նուր Սուլթանում կայացած նիստում Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հուլիսին կմեկնի Սինգապուր, որտեղ կքննարկվեն ԵԱՏՄ–ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին հարցեր։

Մանասերյանը կարծում է, որ ցանկացած երկրի հետ համագործակցությունն օգտակար է ԵԱՏՄ–ի համար ոչ միայն իրացման նոր շուկաների առումով, այլ նաև փորձի փոխանակման։ Սինգապուրի փորձը տնտեսության գիտելիքահեն ոլորտների զարգացման մեջ, այդ երկրի սկզբունքայնությունը և հետևողականությունը կարող են բարեփոխումներ իրագործելու օրինակ ծառայել Հայաստանի և ԵԱՏՄ–ի մյուս երկրների համար։