Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն. միջնորդների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած այցի շրջանակում առաջարկներ են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները շուտով կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հայտարարության մեջ։ Համանախագահները տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանդիպումների մասին մանրամասները կհայտնեն անհրաժեշտ պահին։

Արցախի հարցով միջնորդներն Ալիևի հետ բանակցություններ են վարել Բաքվում

Նշվում է, որ այցը տեղի է ունեցել մայիսի 27-30-ը։ Մասնավորապես, մայիսի 27-ին համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում, իսկ մայիսի 30-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում։ Երկու երկրներում համանախագահները հանդիպում են ունեցել նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։

«Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանության հետ։ Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ։ Ղարաբաղում գտնվելու ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը միջնորդներին է ներկայացրել մարդասիրական իրավիճակը», – գրված է հայտարարության մեջ։

Համանախագահներն ուսումնասիրել են շփման գծում և պետական սահմանին առկա իրավիճակի զարգացումը, Վիեննայում մարտի 29-ին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ապրիլի 15-ին երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան բանակցություններին հաջորդած իրավիճակի զարգացումը։

Կողմերի խնդրանքով համանախագահները ներկայացրել են իրենց առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա քայլերի, այդ թվում` մարդասիրական աջակցության և անվտանգության միջոցների վերաբերյալ։

Համանախագահները կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել` հակամարտության սրացումից խուսափելու համար։