ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
«Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները և «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները», ասվում է հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև ընկերության աշխատակիցների հետ և նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում է անհրաժեշտ քայլեր ՄԻՊ իրավասության սահմաններում:
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկություն էր ստացել, որ Գյումրու «Սասստեքս» ընկերության ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք իրենց աշխատանքային պայմաններից բողոքել էին լրագրողներին:
Մայիսի 29-ին գործարանի աշխատակիցները լրագրողներին ներկայացրել էին իրենց աշխատանքային պայմաններն ու դժգոհել դրանցից և աշխատավարձից, որից հետո, ըստ տեղեկությունների, կանգնել էին խնդրի առաջ: