Կարինե Հարությունյան, Sputnik.
9 տարեկան Կարինե Շիրակյանի հետ ծանոթանալիս ասում եմ, որ իմ անունն էլ է Կարինե, ու վերջ, աղջնակը ջերմ ժպտում է. արդեն ընկերներ ենք։ Կարինեն ասում է, որ որոշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ դառնալ ու երեխաներին խաղեր սովորեցնել, որպեսզի նրանք չձանձրանան։ Իր որոշման մասին հայտնում ու մեղավոր հայացքով նայում է վրաս` հո չե՞մ նեղանում, որ ինձ պես լրագրողի մասնագիտությունը չի ընտրելու։
Կարինեի հետ ծանոթանում եմ «Արաբկիր» ԲԿ–ի բակում, որտեղ «Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ–ն այսօր Երեխաների պաշտպանության օրվան` հունիսի 1–ին ընդառաջ էպիլեպսիայով հիվանդ երեխաների համար (և ոչ միայն) միջոցառում էր կազմակերպել` պղպջակներ, փուչիկներ, ծաղրածուներ։ Մի խոսքով, երեխաների ժպիտն ապահովված էր։
«Երեխաները չպետք է շատ խելոք լինեն։ Պետք է մի քիչ խելոք, մի քիչ չարաճճի լինեն։ Ես, օրինակ, վերջերս զարկել եմ փոքր եղբորս, բայց ուժեղ չէ, մի թեթև, ստից, էլի։ Ինքը խելոք չէր մնում, ես էլ թաթիկին զարկեցի»,–իր չարաճճիությունն է հիշում Կարինեն ու հավելում, թե գիտի` լավ բան չէ «զարկելը» ու եղբորն էլ շատ է սիրում, բայց նրա հետ չկռվել էլ չի կարող։
3 տարի առաջ Կարինեի մոտ էպիլեպսիա է ախտորոշվել։ Երեխային նախ տարել են Մոսկվա, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխել Հայաստան` «Արաբկիր» ԲԿ–ում բուժումը շարունակելու։ Աղջիկն այժմ իրեն լավ է զգում ու չնայած դեռ շարունակում է բուժումը, բայց, բարեբախտաբար, հիվանդությունն իր հետքը գրեթե չի թողել։ Երկար ու գեղեցիկ մազերով Կարինեն նայում է իմ կարճ մազերին ու ասում, որ ուզում է իր մազերն էլ կարճ կտրեն, որ սանրելուց չցավի։ Աղջիկն ասում է` մի քիչ մեծանա, մտածելու է, թե ինչպես պետք է հնարի սանր, որը չի ցավեցնի երեխաների մազերը։
«Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ–ի նախագահ Ելենա Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Արաբկիր» ԲԿ–ի բակում միջոցառում կազմակերպելը երեխաներին ժպիտ պարգևելու համար է։ ՀԿ–ն, ի դեպ, օժանդակում է էպիլեպսիայով հիվանդ երեխաներին բուժման, վիրահատության հարցերում: Կազմակերպության նախագահն ինքն էլ այդ խնդրին բախվել։
«Իմ բալիկը վաղ տարիքում էպիլեպսիա է ունեցել։ Բուժումը 4 տարի է տևել, և ես անցել եմ այդ կյանքի ճանապարհը։ Ես հենց այդպես էլ` «Կյանքի ճանապարհ» եմ կոչել մեր հիմնադրամը, քանի որ էպիլեպսիայով հիվանդ երեխա ունենալով` կյանքդ դառնում է հիվանդության դեմ պայքարելու ճանապարհ։ Ես իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ էպիլեպսիան դժոխքի պատմություն չէ, դատավճիռ չէ, այլ դժվարություն, որը պետք է հաղթահարել»,–ասում է նա, մոտենում պղպջակների հետ ուրախ–զվարթ խաղացող երեխաներին ու ժպտում. միջոցառումը ծառայել է իր նպատակին։
«Արաբկիր» բժշկական համալիրի Մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչ Բիայնա Սուխուդյանն էլ հայտնում է, որ իրենց մոտ էպիլեպսիայով հիվանդ ավելի քան 3500 երեխա կա գրանցված։ Էպիլեպսիաները լինում են տարբեր տեսակի` կան բարորակ և չարորակ էպիլեպսիաներ։ Բարորակները չեն արտահայտվում վարքագծային, մտավոր խնդիրներով. դրանց ժամանակ ցնցումները կառավարելի են, և երեխաներն ընդունում են միայն մեկ դեղ։ Իսկ չարորակներն արտահայտվում են մտավոր հետամնացությամբ, ագրեսիվությամբ։
«Բարեբախտաբար, մանկական էպիլեպսիաների մեծ մասը բարորակ է լինում, որը ժամանակի ընթացքում բուժվում է։ Ինչ վերաբերում է բուժմանը, ապա որոշակի դեղեր պետությունն է տրամադրում, մնացածը ծնողներն են ձեռք բերում։ Էպիլեպսիայի բուժումը երկարատև ու թանկ պրոցես է»,–ասում է Սուխուդյանը։
Ու մինչ բժշկի սենյակում զրուցում ենք, երեխաները բակում սկսում են գունավոր ժապավեններով խաղալ, դրանք իրար վրա նետել։ 9 տարեկան Հայկ Ղազարյանը ժապավենների մի մեծ խուրձ է վերցնում ու աղջիկներից մեկի գլխին շաղ տալիս։ Աղջիկը բղավում է, Հայկը վախեցած հետ է քաշվում ու հարցնում` ցավա՞ց։ Չէ, չի ցավել, աղջնակը ժպտում է, ուրախության բղավոցներ էին։
Հայկն ինձ հետ զրույցում ասում է, որ երբեմն–երբեմն գալիս է «Արաբկիր» ԲԿ (տղան էպիլեպսիա ունի) ու որպես գաղտնիք ականջիս փսփսում է` բժիշկներից մի փոքր վախենում է, բայց միայն նրանցից, որոնք ներարկիչ ունեն։
«Ինձ դեռ չեն սրսկել, բայց եթե սրսկեն, գուցե չդիմանամ ու լացեմ։ Ես այդքան էլ վախկոտ չեմ, մենակ սրսկվելուց եմ վախենում։ Հավատում ես, չէ՞»,–ասում է ու թերահավատորեն ինձ նայում` գուցե չպե՞տք է լացելու պահն ասեր։ Երբ ասում եմ, որ սրսկվելուց ես էլ եմ մի փոքր վախենում, Հայկը թեթևացած շունչ է քաշում։
9–ամյա Հայկն ասում է, որ գիտի` հունիսի 1–ը Երեխաների պաշտպանության օրն է ու այդ օրը ծնողներն իրենց պետք է պաղպաղակ ու փուչիկներ գնեն։ Հայկը երկար մտածում ու ասում է, որ երեխաներին պետք է պաշտպանել գայլից, առյուծից ու... մամաներից։ Բայց ոչ այնպիսի մամաներից, ինչպիսին իր մայրն է, այլ նրանցից, որոնք հարվածում են երեխային։
Հայկը զննում է ձեռքիս մատանին, ամաչելով ասում է` սիրուն է, ու վազում–միանում է խաղացող երեխաներին։