Երևանի խաղաղասիրական հռետորաբանությունը Բաքվում հասցեատեր չի գտնի. Վրթանեսյան

Երևանի դիրքորոշումը կարող է թուլացնել հայ հասարակության մոբիլիզացիոն ներուժը, կարծում է Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ադրբեջանը վերադարձել է Հայաստանի նկատմամբ սովորական ռազմատենչ հռետորությանը, և այդ առումով դադարը, որը նկատելի էր անցած տարվա սեպտեմբերից, արդեն ավարտվել է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով

Նրա խոսքով` Բաքուն ժամանակ առ ժամանակ լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում, այս տարվա փետրվար–մարտից էլ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին սկսեց սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

Ավելին, Ադրբեջանի բազմաթիվ զորավարժարաններում հատուկ հատվածներ կան Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերի մակետներով։ Ադրբեջանի զինծառայողները մարզումների ժամանակ հատուկ վարժություններ են մշակում այդ դիրքերի վրա «հարձակվելու» համար։ Այս և մյուս գործոնները վկայում են, որ Բաքվում խնդրի լուծման ռազմական սցենարը մի կողմ չեն դրել։

Նման պայմաններում փորձագետը անտեղի է համարում Հայաստանի չափազանց խաղաղասեր հռետորաբանությունը։

«Այդ հռետորաբանությունը, միևնույնն է, Ադրբեջանում հասցեատեր չի գտնի։ Այնտեղ դիտարկում են կարգավորման ռազմական սցենարը որպես հիմնականներից մեկը։ Խաղաղության մասին խոսում են միայն Հայաստանում», – կարծում է Վրթանեսյանը։

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան

Բացի այդ, խաղաղության մասին մշտական խոսակցությունները կարող են թուլացնել հայ հասարակության մոբիլիզացիոն ներուժը։

Նրա կարծիքով` Հայաստանում մշտական ներքաղաքական վեճերը, որոնցում կարմիր թելով անցնում է նաև Արցախի թեման, նույնպես արդյունավետ չեն։ Նա համոզված է, որ Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին հնչող ցանկացած մեղադրանք, Արցախի վերաբերյալ ցանկացած անդրադարձ կօգտագործվեն Ադրբեջանի կողմից` Հայաստանի հետ դիվանագիտական և տեղեկատվական դիմակայության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 20-24-ը խոշոր ռազմական զորավարժություններ է անցկացրել` այս տարի թվով երրորդը։ Առաջին անգամ անցկացվել են մարտին, իսկ մայիսի սկզբին կայացել են Թուրքիայի հետ համատեղ մարզումները։

Զորավարժությունների հիմնական թեման է եղել գիշերային ժամերին հակառակորդի հարձակումը հետ մղելը, տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելն ու գրոհի անցնելը։ Ըստ տեղեկության` զորավարժություններում ներգրավված են եղել մինչև 10 հազար զինծառայող, տանկեր և 150 միավոր այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ։