Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վիզային ռեժիմի ազատականացման մասին պայմանագրի կնքումը կխթանի Հայաստանի ու Չինաստանի տնտեսական կապերի ակտիվացումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին խորհրդարանում  կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զասը խոստացել է պաշտպանել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերը

Մայիսի 26–ին Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիր են կնքել։ Ըստ պայմանագրի`գործող անձնագրեր ունեցող  Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները կարող են նշված երկրներ մուտք ու ելք գործել, դրանց միջով տարանցում իրականացնել 90 օր ժամկետում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։

Նախարարը նշեց, որ վերջերս հայ-չինական հարաբերությունների զարգացման շրջանակում երկու կարևոր այց է իրականացվել, երկխոսությունը երկրների միջև շարունակվում է։

«Հայ-չինական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է, այն նաև տնտեսական ոլորտում համագործակցություն է ներառում։ Այդ առումով նշանակալի իրադարձություն է վիզային ռեժիմի ազատականացման մասին պայմանագրի կնքումը»,  – ասաց Մնացականյանը։

Արտգործնախարարի կարծիքով` դա կհեշտացնի երկկողմանի շփումը բոլոր մակարդակներում։

Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

Մնացականյանը կարևորեց նաև հայկական գյուղմթերքը Չինաստան մատակարարելու վերաբերյալ արձանագրությունները։ Նրա կարծիքով` ապրանքները ՉԺՀ արտահանելու առումով մեծ ներուժ կա։

Ինչ վերաբերում է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» ծրագրին` այն բավականին ծավալուն է ու տարբեր ոլորտներում միջազգային համագործակցություն է ենթադրում։

«Մեզ համար նախ և առաջ կարևոր է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը։ Այդ նախագիծն ինչ-որ չափով կարելի է համատեղել միջազգային այլ նախագծերի հետ, դա երկխոսության առարկա է, այդ թվում` Չինաստանի հետ», – պատասխանեց Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանն իր դերակատարություն ունի «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որը հարցերի բավականին լայն շրջանակ է ընդգրկում։

Մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պեկին։ Երկու շաբաթ չանցած` ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ժամանել էր Երևան։ Հանդիպման ընթացքում կողմերը մի շարք պայմանագրեր էին կնքել: