ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանը կարող է լսել` չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, Սահմանադրական դատարանն էլ կարող է քննել Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացրած հայցը` չսպասելով Վերաքննիչ դատարանի վճռին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի գործով մյուս ամբաստանյալների հարցով ստեղծված դատաիրավական իրավիճակը։
Մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Ավելի ուշ ՍԴ–ն հայտարարեց, որ գործող օրենքով իրավասու է անհրաժեշտության դեպքում վերադարձնել գործի նյութերը`դրանք Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար։
«Սահմանադրական դատարան դիմել են` իմանալու համար` առաջադրված մեղադրանքի համապատասխան հոդվածը սահմանադրական է, թե հակասահմանադրական, իսկ վերաքննիչ բողոքը խափանման միջոցի հետ է կապված։ Այսինքն` մեկը մյուսին չի խանգարում» ,– ասաց Այվազյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման հնարավոր հետևանքներին, սահմանադրագետը նշեց, որ այն կարող է բավական լուրջ ազդեցություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա։
«Եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, գործի քննությունը կընթանա այնպես, ինչպես այս պահի դրությամբ կա։ Եթե որոշեց, որ չի համապատասխանում, ուժը կորցրած է ճանաչում և մեղադրանքն այդ մասով բոլորի վրայից հանվում է»,– ասաց նա։
Հաշվի առնելով այն փաստը, որ վիճարկելի 300.1 հոդվածով այս պահին մեղադրվում են մարտի 1-ի գործով բոլոր 4 ամբաստանյալները, եթե ՍԴ–ն որոշի, որ այն չի համապատասխանում Սահմանադրությանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը այդ հիմքով կազատվեն մեղադրանքից։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի մեղադրանքը կկրճատվի, քանի որ նրանց, բացի 300.1 հոդվածից, նաև այլ հոդվածներով է մեղադրանք առաջադրված։
«Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ եթե հանցագործության կատարման պահին նման հոդված չի եղել, չեն կարող նման մեղադրանքով մեղադրել։ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ամենայն հավանականությամբ սրան ևս կանդրադառնա», – ասաց Այվազյանը։
Նշենք, որ նախաքննության արդյունքում Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում)ընդունվել է 2008թ–ի մարտի 1-ի իրադարձություններից շուրջ 1 տարի անց` 2009թ–ի մարտի 18-ին Քրեական օրենսգրքում կատարված լրացումների ու փոփոխությունների արդյունքում։