ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում աշխատանքային այցի շրջանակում նախատեսված որոշ միջոցառումներն ու որոշել է շտապ վերադառնալ Հայաստան։
Նուր-Սուլթանից այս մասին հաղորդում է Factor.am-ի թղթակիցը։ Ըստ կայքի` Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: Չեղարկվել է նաև Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
Ըստ նույն աղբյուրի` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան:
Մինչ այդ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխան նախատեսված չէ։
«Փաշինյանը մեկնեց»,– Sputnik Ղազախստանի թղթակցին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել աշխատանքային այցով։
Փաշինյանն օրակարգը չի փոխել. նրա խոսնակը մեկնաբանել է տարածված լուրերը