Ներքին խմորումներ. ի՞նչը քաղհասարակությունների սրտով չէ. «Ժողովուրդ»

ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմ պետք է ստեղծվի, որի անդամներից 3-ը պետք է լինեն քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիությունների, 3-ն էլ` գործատուների կազմակերպություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծման շուրջ ներքին խմորումներ կան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմ ստեղծել: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն պլատֆորմի ստեղծման շուրջ ներքին խմորումներ կան, և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից»,– գրում է թերթը։

Բանն այն է, որ ըստ ԵՄ–ի ներկայացրած կառուցվածքի` պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից և 3-ը` գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի հերքել, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն: